«Այս գիրքը ներարկելու է ապրելու շատ մեծ ցանկություն, անսասան հավատ և կյանքի ամեն րոպեն գնահատելու մղում». Անի Քոչարը շուտով կներկայացնի իր գիրքը՝ քաղցկեղը հաղթահարելու մասին

Ինչպես հայտնի է՝ փետրվարի 4-ը ամբողջ աշխարհում նշվում է, որպես քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր… Վերջին օրերին համացանցում արագորեն տարածվեց լրագրող Անի Քոչարի նոր նախաձեռնության մասին լուրը. ծանր ախտորոշումից հետո հույսը չկորցրած և գերմարդկային ուժով չարաբաստիկ հիվանդության դեմ պայքարած ու ի վերջո ՀԱՂԹԱԾ Անին այս անգամ ներկայանալու է որպես գրքի հեղինակ.

«Փետրվարի 4-ն աշխարհում նշվում է որպես քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր:
Քաղցկեղը մահավճիռ չէ՛:

Աշխարհում ամեն օր ավելի ու ավելի շատ մարդիկ են լսում մահվան դատավճիռ թվացող ախտորոշումը. «Ցավում ենք, սակայն Դուք քաղցկեղ ունեք»: Քաղցկեցը 21-րդ դարի ամենասարսափելի հիվանդություններից է: 2018-ին քաղցկեղից մահացել է 9 մլն. 600 հազար մարդ։
Ոչ ոք հիվանդություններից ապահովագրված չէ, բայց յուրաքանչյուր մարդու թվում է, թե դա կարող է պատահել ում հետ ասես, միայն ոչ՝ իր կամ իր հարազատի: Սա ամենամեծ մոլորությունն է:
Չհանձնվելու իմ պատմությունն ամփոփել եմ իմ գրքում։ Ընթերցողի առջև այնքան բաց ու անկեղծ եմ եղել, որ գրելիս երբեմն ինձ հարց եմ տվել. նախապաշարումներով լի մեր հասարակությունն ինչպե՞ս կընդունի այդչափ անձնական սյուժեն: Մի բան հաստատ գիտեմ. իմ կյանքի առաջին գիրքը շատերի համար կարող է օրինակ դառնալ: Թեկուզ հարյուրավոր ձախողումներից հետո էլ չհանձնվելու, պայքարելու և կյանքը սիրելու օրինակ:


Այս գիրքը քաղցկեղի մասին չէ, այլ կյանքը շատ սիրելու, մեծ հավատով պայքարելու և երբեք չհանձնվելու մասին է: Չհանձնվել անգամ այն պահին, երբ թվում է, թե ամեն ինչ ավարտված է, երբ չգիտես՝ ևս մեկ լուսաբաց կդիմավորե՞ս, թե՞ ոչ։ Այս գիրքը ներարկելու է ապրելու շատ մեծ ցանկություն, անսասան հավատ և կյանքի ամեն րոպեն գնահատելու մղում:
Մոտիվացնող գրականության այս մի հատորը կարող է դառնալ կյանքի դժվարին փուլում գտնվող յուրաքանչյուր անհատի սեղանի գիրքը: Այն կյանքի կոչելու համար շնորհակալ եմ Newmag հրատարակչատանն ու հատկապես Արտակ Ալեքսանյանին:
Գիրքն այժմ խմբագրման փուլում է և լույս կտեսնի գարնանը։»

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

«Այս գիրքը ներարկելու է ապրելու շատ մեծ ցանկություն, անսասան հավատ և կյանքի ամեն րոպեն գնահատելու մղում». Անի Քոչարը շուտով կներկայացնի իր գիրքը՝ քաղցկեղը հաղթահարելու մասին